ԵՐԿՈՒ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽԱՂ
Ֆուտբոլային խոշորագույն տերությունների ներքին առաջնություններից ֆուտբոլասերն առանձնակի լարվածությամբ էր սպասում հատկապես մադրիդյան դերբիի «Ռեալ»-«Աթլետիկո» և Դորտմունդի «Բորուսիա»-Մյունխենի «Բավարիա» դիմակայություններին: Այս հանդիպումների ինտրիգն այն էր, որ «Բարսելոնի» նկատմամբ «Ռեալի» ունեցած միավորների պաշարը վերջին ժամանակներս ինտենսիվորեն հալչում է, իսկ հաղթանակի դեպքում արագորեն ավարտին մոտեցող գերմանական առաջնությունում «Բորուսիան» իր գլխավոր մրցակցի նկատմամբ կարող էր ստեղծել վեց միավորի առավելություն ու անհամեմատ հանգիստ կյանք ապահովել չեմպիոնական մրցավազքում:
ՌՈՆԱԼԴՈՒՆ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿՆ Է ՄԱԴՐԻԴՈՒՄ
Ինքնին հասկանալի է, որ իսպանական ֆուտբոլի թիվ մեկ դիմակայությունը շարունակում է մնալ տիտանների` Մադրիդի «Ռեալ»-Բարսելոնի «Բարսելոն» բախումը: Սակայն սրա հետ մեկտեղ անառարկելի ճշմարտություն է և այն, որ ֆուտբոլային այս գերտերության համար առանձին հարթության վրա է կանգնած և «Աթլետիկո»-«Ռեալ» դիմակայությունը, ու այստեղ բնավ էլ նշանակություն չունի, որ վերջին տասներկու տարում առաջինին չի հաջողվել առավելության հասնել «Ռեալի» նկատմամբ: «Էլ կլասիկոյի» թիվ երկու հանդիպումը չի դադարում մարզասերների համար հետաքրքրությունը կորցնելուց, ու դրա պատճառների թվում է (մարզականից զատ) նաև սոցիալական դիմակայությունը. հարուստ «Ռեալը» խոշոր գրգռիչ է Մադրիդի աղքատ արևմուտքի համար, որի ֆուտբոլային ներկայացուցիչն «Աթլետիկոն» է:
Հանդիպումը հերթական անգամ ապացուցեց «Ռեալի» առավելությունը: Ռոնալդուի հեթ տրիկին (խաղավարտին մեկ գոլ էլ խփեց Կալեխոնը), «Աթլետիկոն» կարողացավ պատասխանել միայն մեկով: Սակայն հաշվի մեջ եղած բացահայտ առավելությունը բնավ էլ չի նշանակում, թե «Աթլետիկոն» հեշտ ու հանգիստ հանձնվեց: Լարված պայքարը շարունակվեց մինչև մրցավարի սուլիչի ազդականչը, և «Աթլետիկոյի» դժբախտությունն էր, որ մրցակցի բարձրակարգ ֆուտբոլիստների դիմաց, ի դեմս Ֆալկաոյի, միայն մեկ վառ ընդգծված խաղացող ուներ: Արդյունքում «Ռեալը» կարողացավ նորից պահպանել «Բարսելոնի» նկատմամբ չորս միավորի առավելությունն ու չեմպիոնական մրցավազքի լարվածությունը: Ասենք նաև, որ խփած երեք գոլով պորտուգալացի տաղանդավոր հարձակվողը ոչ միայն կարողացավ հասնել Մեսիին, այլև շրջանցել նրան: Այժմ Ռոնալդուի անվան դիմաց երկրի ներքին առաջնությունում գրանցված է քառասուն գնդակ:
ԲԱՆԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՓՆՏՐՎԱԾ» ՊՏՈՒՂ ՄՆԱԼ
«Բորուսիայի» ու «Բավարիայի» միջև չեմպիոնական մրցավազքը ծայր է առել դեռևս անցյալ տարվա նոյեմբերին: Այն ժամանակ «Բավարիան» սեփական հարկի տակ զիջեց իր ներկայիս մրցակցին, ու առաջնության ինտրիգը սկզբունքորեն չէր հանգուցալուծվում ողջ մրցաշրջանի ընթացքում: Վճռորոշ այս հանդիպման արդեն տասներորդ րոպեին դաշտի տերերը կարող էին ունենալ երկու գոլի առավելություն, սակայն առաջին դեպքում վրիպեց Յակուբ Բլաշչիկովսկին, երկրորդ դեպքում անվրեպ էր Մանուել Նոյերը, ով կասեցրեց երկու մետրից դարպաս սուրացող գնդակը:
Ասել, թե «Բավարիան» անատամ էր գործում, նշանակում է մեղք գործել: Պարզապես այդ օրը երկինքը երես էր թեքել նրանից: Եթե բացառենք մյուսներին, միայն Արիեն Ռոբենը կարող էր երկու անգամ գրավել դարպասը, սակայն անգամ տասնմեկմետրանոցն իրացնել չկարողացավ: Մի խոսքով, կատարյալ անիծված օր էր «Բավարիայի» համար: Ինչպես երևում է, ներքին առաջնությունում չեմպիոնության համար պայքարն այս ակումբի համար ավարտված է, սակայն այն նրան ավելի ահարկու է դարձնում Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ սպասվող կիսաեզրափակիչ խաղերում: «Բավարիան» սեփական երկրպագուների առաջ արդարանալու ու արդարացվելու խնդիր ունի, իսկ այդպիսի միակ հնարավորությունը, կարծես, մնում է Չեմպիոնների լիգան: Վերջում ասենք, որ մարզասերներն իրենց առանձնակի հարգալից չպահեցին: Նոյերի վրա նետված բանանների փունջը ոչ միայն տգեղ, այլև վատ հղացում էր, ռուսական ֆուտբոլից գերմանական ֆուտբոլին փոխանցված պարսավելի դրսևորում: Եթե Ռուսաստանի Դաշնությունում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստների պարագայում այն ռասայական խտրականության կոպիտ դրսևորում է, անհասկանալի է, թե ճերմակամորթ Նոյե՞րն ինչ կապ ունի դրա հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ